Bible

Designed

For Churches, Made for Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Chronicles 32

:
Armenian - NEA
1 Այս բաներից և հավատարմության գործերից հետո Ասորեստանի արքա Սենեքերիմը հարձակվեց Հուդայի վրա և բանակատեղի դրեց պարսպապատ քաղաքների շուրջը։ Նա ասում էր, որ կգրավի դրանք։
2 Երբ Եզեկիան տեսավ, որ Սենեքերիմն իր դեմ է եկել՝ պատերազմելու Երուսաղեմի դեմ,
3 խորհուրդ արեց ծերերի ու զինվորականների հետ՝ փակելու քաղաքից դուրս գտնվող աղբյուրների ջրերը։ Եվ փակեցին դրանք։
4 Նա մեծ թվով մարդկանց հավաքեց, որոնք փակեցին աղբյուրների ջրերն ու գետի ճանապարհը, որ բաժանում էր քաղաքը՝ անցնելով նրա միջով։ Նրանք ասացին. «Չլինի թե Ասորեստանի արքան գալով առատ ջուր գտնի և հզորանա»։
5 Եզեկիան զորացավ և վերաշինեց բոլոր կործանված պարիսպներն ու աշտարակները, ինչպես նաև կառուցեց արտաքին մի ուրիշ պարիսպ։ Նա ամրացրեց Դավթի քաղաքի պատնեշները և շատ զենք պատրաստեց։
6 Նա զորքերի վրա հրամանատարներ նշանակեց, որոնք հավաքվեցին նրա մոտ՝ Ձորի դարպասի հրապարակում։ Նա սրտապնդեց նրանց՝ ասելով.
7 «Զորացե՛ք ու քա՛ջ եղեք, մի՛ վախեցեք Ասորեստանի թագավորից և այն ազգերից, որոնք նրա հետ են, որովհետև մեզ հետ եղածներն ավելի շատ են, քան նրանց հետ եղածները։
8 Նրա հետ մարմնավոր բազուկներ են, իսկ մեզ հետ Տերն է՝ մեր Աստվածը, որպեսզի փրկի մեզ ու մեր պատերազմը մղի»։ Ժողովուրդը քաջալերվեց Հուդայի արքա Եզեկիայի խոսքերից։
9 Դրանից հետո Ասորեստանի արքա Սենեքերիմը, մինչ իր ամբողջ զորքով Լաքիսում էր, իր պաշտոնյաներին ուղարկեց Երուսաղեմ՝ Հուդայի արքա Եզեկիայի մոտ՝ ասելով.
10 «Այսպես է ասում Ասորեստանի արքա Սենեքերիմը. “Ո՞ւմ ապավինելով եք դուք նստել Երուսաղեմի ամրոցում։
11 Չէ՞ որ Եզեկիան ձեզ խաբում է, որ ձեզ մատնի մահվան, սովի ու ծարավի՝ ասելով. “Տերը՝ ձեր Աստվածը, կփրկի ձեզ Ասորեստանի արքայի ձեռքից”։
12 Դա այն Եզեկիան չէ՞, որ քանդեց նրա զոհասեղանները, պաշտամունքի բարձունքները և ասաց Հուդայի ու Երուսաղեմի բնակիչներին. “Միայն այս զոհասեղանի առջև պետք է երկրպագեք և այս զոհասեղանի վրա պիտի զոհ մատուցեք”։
13 Դուք չգիտե՞ք, թե ի՛նչ ենք արել ես և իմ հայրերը բոլոր ժողովուրդներին ու երկրներին։ Մի՞թե բոլոր այդ երկրների ազգերի աստվածները կարողացան փրկել իրենց ժողովրդին իմ ձեռքից։
14 Իմ հայրերի կոտորած այդ ազգերի բոլոր աստվածներից ո՞ր մեկը կարողացավ փրկել իր ժողովրդին իմ ձեռքից, որ ձեր Աստվածը կարողանա ձեզ փրկել իմ ձեռքից։
15 Արդ, Եզեկիան թող ձեզ չխաբի, թող ձեզ դրանով չհուսադրի։ Մի՛ հավատացեք նրան, քանի որ բոլոր ազգերի ու թագավորությունների աստվածները չկարողացան իրենց ժողովուրդներին փրկել իմ և իմ նախնիների ձեռքից. ձեր Աստվածն էլ ձեզ չի փրկի իմ ձեռքից”»։
16 Եվ ավելին էլ խոսեցին նրա պաշտոնյաները Տիրոջ՝ Աստծու և նրա ծառա Եզեկիայի դեմ։
17 Սենեքերիմը նաև նամակ էր գրել՝ Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն անարգելու համար, և նրա մասին ասում էր. «Ինչպես որ երկրի ուրիշ ազգերի աստվածներն իրենց ժողովուրդներին չփրկեցին իմ ձեռքից, այդպես էլ Եզեկիայի Աստվածն իր ժողովրդին չի փրկի իմ ձեռքից»։
18 Սենեքերիմի պաշտոնյաները եբրայերեն բարձրաձայն դիմեցին Երուսաղեմի պարսպի վրա եղած ժողովրդին՝ նրանց վախեցնելու և ընկճելու համար, որպեսզի շուտափույթ գրավեն քաղաքը։
19 Երուսաղեմի Աստծու մասին նա այնպես խոսեց, ինչպես կխոսեր երկրի ժողովուրդների՝ մարդու ձեռքով կերտված աստվածների մասին։
20 Եզեկիա արքան և Ամովսի որդի Եսայի մարգարեն աղոթք արեցին այս բանի համար և դեպի երկինք աղաղակեցին։
21 Տերը հրեշտակ ուղարկեց և բնաջնջեց Ասորեստանի արքայի բանակում գտնվող բոլոր հզոր պատերազմողներին, իշխաններին ու զորագլուխներին։ Սենեքերիմը ամոթապարտ վերադարձավ իր երկիրը, գնաց իր աստծու տունը, և իր հարազատ որդիներն այնտեղ սրով սպանեցին նրան։
22 Տերը Եզեկիային ու Երուսաղեմի բնակիչներին փրկեց Ասորեստանի Սենեքերիմ արքայի ու ամենքի ձեռքից և նրանց բոլոր կողմերից խաղաղություն պարգևեց։
23 Շատերը Տիրոջը զոհեր էին բերում Երուսաղեմ և ընծաներ՝ Հուդայի արքա Եզեկիային։ Եզեկիան դրանից հետո բարձրացավ բոլոր ազգերի աչքին։
24 Այդ օրերին Եզեկիան մերձիմահ հիվանդացավ։ Նա աղոթք արեց Տիրոջը, որը լսեց նրան ու մի նշան ցույց տվեց,
25 բայց Եզեկիան իր նկատմամբ ցույց տրված բարերարության համեմատ չհատուցեց, այլ մեծամտացավ, ուստի բարկություն իջավ նրա, Հուդայի ու Երուսաղեմի վրա։
26 Եզեկիան հրաժարվեց իր մեծամտությունից, ինչպես և Երուսաղեմի բնակիչները, և Եզեկիայի թագավորության օրոք Տիրոջ բարկությունն այլևս չիջավ նրանց վրա։
27 Եզեկիան շատ մեծ հարստության և փառքի տիրացավ։ Նա իր համար ոսկու, արծաթի, պատվական քարերի, խնկի, զենքի ու թանկարժեք իրերի գանձարաններ շինեց։
28 Նա ցորենի, գինու և ձեթի բերքի համար շտեմարաններ կառուցել տվեց, ամեն տեսակ անասունների համար՝ ախոռներ, հոտերի համար՝ գոմեր։
29 Նա նաև քաղաքներ կառուցեց իր համար և մեծ թվով ոչխարներ ու արջառներ ունեցավ, որովհետև Տերը նրան չափազանց շատ ունեցվածք էր տվել։
30 Նույն այս Եզեկիան փակեց Վերին Գեհոնի ջրի ելքը և այն ուղղեց ցած՝ դեպի Դավթի քաղաքի արևմտյան կողմը։ Եզեկիան իր բոլոր գործերում հաջողություն ունեցավ։
31 Երբ Բաբելոնից իշխանները դեսպաններ ուղարկեցին նրա մոտ՝ հարցնելու նրան իր երկրում եղած զարմանահրաշ գործերի մասին, Տերը ազատ թողեց նրան՝ փորձելու և գիտենալու համար, թե ի՛նչ կա նրա սրտում։
32 Եզեկիայի մնացած գործերը և նրա բարեպաշտությունը գրի են առնված Ամովսի որդի Եսայի մարգարեի մարգարեության մեջ և Հուդայի ու Իսրայելի թագավորների գրքում։
33 Եզեկիան գնաց իր նախնիների գիրկը, և նրան թաղեցին Դավթի հետնորդների գերեզմանների բարձր տեղում։ Ամբողջ Հուդան և Երուսաղեմի բնակիչները նրան փառք ու պատվի արժանացրին իր մահվան ժամանակ։ Նրա փոխարեն թագավորեց իր որդի Մանասեն։